Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ
«Դիմադրություն» շարժման մասնակիցները կառավարական ամառանոցից գնում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
«Հիմա մենք գտնվում ենք Բաղրամյան պողոտայում։ Ոստիկանությունը դիմեց սադրանքների, ինչի հետևանքով տեղի ունեցան բախումներ, այն, ինչի մասին Նիկոլը վաղուց երազում էր։ Հատուկ միջոցներ կիրառվեցին։ Ոստիկանությունն իրեն պահել է սանձարձակ՝ ակնհայտ ծեծելով և բռնություն գործադրելով քաղաքացիների վրա», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, թե իրենք նախապես հայտարարել էին, որ որևէ շենքի վրա հարձակում չէր լինելու։
«Մենք ընդամենն ասում էինք, որ բացեն Դեմիրճյան փողոցը, որպեսզի գնանք Ազգային ժողով։ Ոստիկանությունը դիմեց սադրանքների։ Կան տուժածներ, բերման ենթարկվածներ», - նշեց նա։
Սաղաթելյանն ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա, որտեղ կխոսեն վաղվա անելիքների մասին։
«Պինդ մնացեք, այս պայքարն անկասելի է», - ասաց Իշխան Սաղաթելյանը։