Երևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել
Երեկ` մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվ է գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: