Վրաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Լորա Կուպերը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին 10-ամյա շրջանակային համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր շրջանակային համաձայնագիր է կազմվել, որը 10 եւ ավելի տարի ժամկետով կնպաստի Վրաստանի պաշտպանության ուժերի պաշտպանունակության բարձրացմանը եւ զսպման քաղաքականության վարում կապահովի»,- ասել է Չիկովանին՝ մանրամասնելով, որ փաստաթուղթը «Վրաստանի համար պաշտպանության եւ զսպման միջոցառումների ուժեղացման նախաձեռնության» շարունակությունն է, որը ստորագրվել էր 2021 թ. հոկտեմբերին Վրաստանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեի եւ Լլոյդ Օսթինի կողմից Թբիլիսիում։
Ընդ որում, Վրաստանը բացառել է Ուկրաինայի համար «երկրորդ ճակատի» ի հայտ գալը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը երեք անգամ հակամարտության մեջ է մտել Ռուսաստանի հետ եւ մտադիր չէ նորից դա անել։ Նրա խոսքով՝ Թբիլիսին խաղաղության կողմնակից է, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: