ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը Ղարաբաղի հարցով դե ֆակտո անվավեր է»։
«Մինսկի խումբը գործել է 28 տարի՝ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020թ. աշուն - խմբ.): Համանախագահող երկրներն այս տարիների ընթացքում թերևս հարյուրավոր այցելություններ են կատարել Ադրբեջան և Հայաստան։ Արդյունքն ակնհայտ է՝ զրո»,- երեքշաբթի օրը առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցությունում ասել է Ալիևը։
Նա կրկին հայտարարել է, որ Ադրբեջանն ինքնուրույն «կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով»։
«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը, կարգավորեց այն ռազմաքաղաքական ճանապարհով: Փաստացի, հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը կարող է վավեր լինել դե յուրե, բայց դե ֆակտո այն կարող է անվավեր համարվել»,- ասել է պետության ղեկավարը։