ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը ՝ երկուսը Հյուսիսային և երկուսը հարավային ուղղություններով:
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: