Հայտնի է դարձել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հիմնական նպատակներից մեկը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացահայտել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հիմնական նպատակներից մեկը։ Այս մասին նա խոսել է «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակներից մեկն է անվանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի փրկությունը։ Բացի այդ, նա հայտարարել է դրանց սահմանները վերականգնելու անհրաժեշտության մասին։
«Գործողության հիմնական նպատակներից մեկն իրականում այդ հանրապետությունների փրկությունն է և նրանց պետականության վերականգնումը 2014 թվականի սահմաններում, այսինքն՝ այն սահմաններում, որոնք ամրագրված են ինչպես Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, այնպես էլ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության սահմանադրություններում»,- պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի համար «դժվար» և «թշնամական» երկիր է։
«Ուկրաինան մեզ համար շատ դժվար երկիր է։ Ներկայիս վիճակում այն մեր նկատմամբ թշնամական երկիր է»,- ասել է Պեսկովը։