Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանն ապրիլին
Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը նշեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, բայց, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Ավելին՝ այստեղ