Լավրովը պարզաբանել է Ռուսաստանի «ինքնամաքրման» մասին Պուտինի խոսքերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արձագանքել է բրիտանացի լրագրողի դիտարկմանը՝ բացատրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Ռուսաստանի «ինքնամաքրման» վերաբերյալ:
Հինգշաբթի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուրերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրողը խնդրել է Լավրովին պարզաբանել Պուտինի խոսքերը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահն անցյալ շաբաթ ասաց, որ Ռուսաստանը պետք է մաքրվի դավաճաններից, սա ի՞նչ է նշանակում գործնականում»,- «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հարցրել է լրագրողը։
«Հիմա, երբ պարզ դարձավ, թե ինչ արժեին այն հավաստիացումները, որ մեզ տվել էին Արևմուտքից այս տարիների ընթացքում՝ անվտանգության անբաժանելիության մասին, այն մասին, որ մենք բոլորս մեկ մեծ քաղաքակրթություն ենք, հիմա, երբ պարզ դարձավ, թե ինչն ինչպես է, մենք հանգում ենք նրան, որ Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ընտրություն կատարելու իրավունք: Նրանք, ովքեր ցանկանում են ապրել այլ երկրում, դա իրենց ընտրությունն է, իրենց որոշումն է և չի հակասում օրենսդրությանը»,- ասել է նախարարը։