Ուկրաինայի ԱԳ նախարարը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորմանը
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Չինաստանին կարեւոր դեր խաղալ Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում:
«Տասնամյակներ շարունակ ուկրաինա-չինական հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի, ըմբռնման եւ շահի վրա», - գրել է Կուլեբան Twitter-ում: «Մենք կիսում ենք Պեկինի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին դիրքորոշումը եւ կոչ ենք անում Չինաստանին՝ որպես գլոբալ խաղացողի, կարեւոր դեր խաղալ այդ ջանքերում», - նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ բոլոր կողմերը պետք է միասին աջակցեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությանը եւ բանակցություններին, որպեսզի նրանք կարողանան արդյունքի եւ խաղաղության հասնել: ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նույնպես պետք է երկխոսություն սկսեն ՌԴ-ի հետ եւ կարգավորեն անվտանգության ոլորտում առկա մտավախությունները: