Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախագահական նստավայրում հյուրընկալվել են նորընտիր նախագահին ու նրա տիկնոջը (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նախագահական նստավայրում հյուրընկալվել են նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին և նրա տիկնոջը՝ Անահիտ Մինասյանին:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: