Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հումանիտար միջանցքների և հնարավոր ժամանակավոր հրադադարի շուրջ․ Մեդինսկի
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին զգալի առաջընթաց է անվանել բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով ուկրաինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են բնակչության համար մարդասիրական միջանցքների շուրջ։
«Հիմնական խնդիրը, որն այսօր լուծվել է, մարդկանց, խաղաղ բնակիչների փրկության խնդիրն է, որոնք հայտնվել են մարտական բախումների գոտում։ Ուստի կողմերը՝ ՌԴ ՊՆ, Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչները, պայմանավորվել են ռեժիմի ձևաչափի շուրջ՝ խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքների պահպանման, ռազմական գործողությունների հնարավոր ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Կարծում եմ՝ սա զգալի առաջընթաց է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Մեդինսկին։
Մեդինսկին նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի երեք բլոկ՝ ռազմական, միջազգային-հումանիտար և հակամարտության ապագա քաղաքական կարգավորման հարցը։ «Դիրքորոշումները միանգամայն հստակ են, դրանք կետ առ կետ գրված են, մի քանիսի համար մեզ հաջողվեց փոխըմբռնում գտնել»,- ասաց նա։
«Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ կոչ է անում այս իրավիճակում հայտնված խաղաղ բնակիչներին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, օգտվել այդ հումանիտար միջանցքներից կամ անել հնարավորը ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- եզրափակել է Մեդինսկին։