Փորձագետ. Մոսկվան ցանկանում է հավասար մակարդակի հասցնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ
regnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանը ցանկանում է սերտ և փոխշահավետ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանն ու Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել դաշնակցային փոխգործակցության մասին։
«Նախ, դա միակ նման փաստաթուղթը չէ, որ Ռուսաստանը կնքել է Անդրկովկասի պետությունների հետ։ Դեռևս 2000 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվել էր գրեթե նույնաբովանդակ և համանման վերնագրով փաստաթուղթ։ Այսպիսով, խորհրդանշական կերպով Մոսկվայի հարաբերություններն ու երկխոսությունը Երևանի ու Բաքվի հետ հավասար մակարդակի են հասցվում։ Այսինքն Մոսկվայի հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ ստորագրված փաստաթղթերի ձևակերպմամբ և տրամաբանությամբ սահմանվում են որպես «դաշնակցային փոխգործակցություն», - ասել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը