Հրդեհ Փամբակ գյուղում
Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։