Նովգորոդցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստան արտահանման առանձնահատկությունները
agrovedomosti.ru-ն գրում է, որ Նովգորոդի արտահանման աջակցության կենտրոնում անց է կացվել այս տարվա երկրորդ «Ժամ առևտրային ներկայացուցչի հետ» միջոցառումը։ Հեռավար ձևաչափով 21 ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացուցիչներ ծանոթացել են Հայաստան արտահանման նրբություններին, հայ գործընկերների հետ առևտրային գործարքների առանձնահատկություններին և հարցեր ուղղել այդ երկրում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին։
Նովգորոդի մարզի ներդրումային քաղաքականության նախարար Դենիս Նոսաչովը նշել է, որ նովգորոդյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով։ 2021 թվականին Նովգորոդից ապրանքների արտահանումը հայաստան գրեթե կրկնապատկվել է 2020 թվականի համեմատ։ Տարածաշրջանում գործում են հայկական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկություններ։ «Առկա կապերը լավ հիմք են ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար»,- ընդգծել է նախարարը։
Աննա Դոնչենկոն իր հերթին նշել է, որ միջոցառման մասնակից Նովգորոդի ձեռներեցներն ընտրվել են որպես պոտենցիալ գործընկերներ և հայտարարել է ռուսական արտահանման առաջնահերթ ոլորտները։ «Դրանք ներառում են գյուղատնտեսական և ճանապարհային սարքավորումները, էներգիան, ռադիոէլեկտրոնիկան, սննդի արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործական արտադրանքը և այլն», - թվարկել է Աննա Դոնչենկոն:
Առևտրի ներկայացուցիչը խորհուրդ է տվել ձեռներեցներին մասնակցել մրցույթներին և ցուցահանդեսներին։ Նա խոսել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման, Առևտրային ներկայացուցչության կողմից ռուս արտահանողների աջակցության, ներդրողների համար հարկային արտոնությունների և ռուս գործարարների «Հերմես» ակումբի մասին։
Զրույցն ավարտվել է ձեռներեցների հարցերի պատասխաններով։ Բիզնեսը, մասնավորապես, հետաքրքրվել է հայաստանյան շուկաների գործունեության առանձնահատկություններով, երկիր մուտք գործելու կանոններով և կորոնավիրուսի ֆոնին հակահամաճարակային միջոցառումներով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը