Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ
Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։
Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ ընդգծելով, որ այդ անսպառ ռեսուրսի ճիշտ և նպատակային կառավարումը պետության և հասարակության զարգացման կարևորագույն նախադրյալներից է։