Անկարայում հայտարարել են, որ Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ առաջիկա օրերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը կարող է հայտնի դառնալ առաջիկա օրերին։ Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը ծայրահեղ կարեւոր նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանն էլ դրական պատասխան տա, ապա հանդիպումը տեղի կունենա։ Պարոն Պուտինը կայցելի Թուրքիա, առաջիկա օրերին հայտնի կդառնա ամսաթիվը», - կարծում է Էրդողանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին եւ Զելենսկուն հրավիրել է՝ «հարթելու երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունները»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, նշել է, որ Պուտինի Թուրքիա հնարավոր այցի ժամկետները դեռ որոշված չեն: