Վրաստանում չեղարկվել են «կովիդ-անձնագրերը»
Վրաստանում չեղարկվել են «կովիդ-անձնագրերը» պետական հաստատություններ այցելության դեպքում։ Այս մասին հայտարարել է երկրի Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։ Նա նշել է, որ չնայած դրան, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի գրանցման համակարգերը շարունակում են գործել։
«Բացի այդ «կանաչ անձնագրերը» հարկավոր են լինելու արտասահման մեկնելու համար եւ նրանք, ովքեր մեկնելու են արտասահման, կկարողանան դրանցից օգտվել»,- ասել է Գիբրաձեն։ Նշենք, որ Վրաստանը «կովիդ-անձնագրերը» կամ ինչպես այդ երկրում են անվանում՝ «կանաչ-անձնագրերը» կիրառության մեջ են դրվել 2021 թվականի դեկտեմբերի մեկից։
Վրացական «կանաչ անձնագրերը» ճանաչվել են ԵՄ կողմից։