Լատվիան ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա
Լատվիան ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։
«Այսօր կառավարական կոալիցիայի նիստում մենք քաղաքականապես պայմանավորվել ենք, որ ցանկանում ենք Ուկրաինային եւս օգնություն ցուցաբերել՝ այնտեղ ուղարկելով լատվիացի ռազմական հրահանգիչներ, որոնք աշխատելու են կանադացի հրահանգիչների հետ միասին: Լատվիացի հրահանգիչները կանադացի հրահանգիչների հետ միասին կօգնեն ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը», - ասել է նա։
Լատվիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 21-ին հայտնել է, որ Ուկրաինային կմատակարարի Stinger զենիթային հրթիռային համալիրներ, անհատական հանդերձանք եւ չոր սննդամթերք: