Փորձագետ. Ռուսաստանը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից
regnum.ru-ն գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման պատճառով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վատթարացում պետք չէ սպասել։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Քաղաքագետը նշել է, որ պետք չէ նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների արմատական բարելավման հույս ունենալ։ Երկրները նախկինից չափազանց շատ հավակնություններ ունեն միմյանց նկատմամբ, իսկ ներկայում՝ շատ հակասություններ։ Ելնելով դրանից հայ-թուրքական բանակցությունների բուն փաստը չի կարող վատթարացնել Ռուսաստանի քաղաքական և ռազմական դիրքերը Անդրկովկասում։ Օրինակ, անհնար է մի իրավիճակ, երբ Հայաստանը, ցանկանալով հաճոյանալ Թուրքիային պահանջի ռուսական զորքերը դուրս բերել իր տարածքից, վստահություն է հայտնել փորձագետը։ Տնտեսական առումով Ռուսաստանը կարող է նույնիսկ շահել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումից, քանի որ տարածաշրջանում իրավիճակի բարելավումից առևտուրը կավելանա, տարանցիկ հոսքերը կավելանան։ Ուստի, Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով, Ռուսաստանի համար Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումից որևէ լուրջ բացասական հետևանք չպետք է լինի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը