Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 24-ամյա երիտասարդը. նրա հայրը հայտնել էր, թե որդին 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է (տեսանյութ)
Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու ՔՈԳՎ բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։
Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվել է, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվել է քրեական պատասխանատվության դաշտ։
Նախաքննությունը շարունակվում է։