Մենք երբեք զիջումների չենք գնա մեր դաշնակիցների անվտանգության հարցում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանի առաջարկին առ այն, որ հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հրաժարվի ընդլայնումից և Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումից: Այս առաջարկը ներառված է Մոսկվայի առաջարկած Անվտանգության երաշխիքների պայմանագրում:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Journal du Dimanche-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի, հայտնում է Независимая Газета-ն։
«Մենք երբեք զիջումների չենք գնա մեր դաշնակիցների անվտանգության կամ յուրաքանչյուր ազգի, այդ թվում՝ Ուկրաինայի, իր ճակատագիրը որոշելու իրավունքի հարցում: Ուկրաինան ինքնիշխան պետություն է և, համապատասխանաբար, իրավունք ունի պաշտպանել իրեն, ինչպես թույլատրվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Նա իրավունք ունի օգնություն խնդրել դրա համար, և ես չեմ տեսնում, թե դա ինչպես է սպառնում Ռուսաստանին, որը ագրեսոր է այս հակամարտության մեջ», - ընդգծել է նա։