Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները, այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավարում՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու ցուցահանդեսում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը։
«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի եւս»,- ասվում է գրառման մեջ։