Կուզբասի ածխահանքի պետը կալանավորվել է
ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ածխահանքի պետն իր հերթին հայտարարել է, որ որևէ բողոք չի ստացել հանքափորներից աշխատանքի վտանգավոր պայմանների վերաբերյալ:
Սերգեյ Գերասիմենկոն Կեմերովոյի Բելովո քաղաքում գտնվող այն ածխահանքի պետն է, որտեղ նոյեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 51 մարդ, այդ թվում՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը մեթանի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ արդյունաբերական անվտանգության կանոնների խախտման փաստով: Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել: