Աշխարհին մեծ տերությունների միջև պատերազմ պետք չէ. Մարկ Միլլի
ՆԱՏՕ անդամ երկրները պետք է կարողանան պահպանել երկխոսություն ՌԴ-ի և Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ , գեներալ Մարկ Միլլին Ասպեն քաղաքում կայացած Անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Նրա խոսքով, ՌԴ-ն և Չինաստանը դարձել են աշխարհի նոր ուժային կենտրոններ, հետևաբար աշխարհը դառնում է եռաբևեռ և առավել անկայուն, քան 40-50 տարի առաջ էր: Նա նաև նշել է, որ միջազգային հանրությանը պետք չէ խոշոր գերտերությունների միջև պատերազմ:
«Ես կարծում եմ՝ մենք այժմ գտնվում ենք մեծ տերությունների միջև խաղաղության հաստատման փուլում, և մենք ուզում ենք պահպանել դա», -ասել է Միլլին: Նա նաև նշել է, որ երկխոսություն պետք է տեղի ունենա ոչ միայն գործընկերների և ընկերների միջև, այլ նաև հակառակորդների և թշնամիների:
Միլլին անդրադարձել է նաև Ուկրաինայի սահմաններում ռուսական զորքերի տեղակայմանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դա չի համարում ՌԴ-ի կողմից ագրեսիայի դրսևորում: