Արման Աբովյանը խորհուրդ է տվել Խուդաթյանին կորեկտ լինել
Արմավիրի ընտրություններին չմասնակցելու համար կոնկրետ պատճառ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Մեր բոլոր թեկնածուների առաջադրումը քաղխորհուրդի հստակ որոշումներով են լինում։ Ընդհատակյա պատճառներ, այսպես կոչված, չկան»,- նշեց նա։
Հարցին, թե Արմավիրի միակ թեկնածու, գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իրենց համար ընդունելի՞ թեկնածու է, քանի որ ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում, Խուդաթյանը նշել էր, որ միակ թեկնածու լինելը գուցե նշանակում է, որ ինքն ընդդիմության համար ընդունելի թեկնածու է, Աբովյանը պատասխանեց, որ իրենց կուսակցությունում Խուդաթյանի հարցը չի քննարկվել։
«Թեկնածուն պետք է մի փոքր կոռեկտ արտահայտվի առհասարակ քաղաքական դաշտում։ Խորհուրդ կտամ թեկնածուին կենտրոնանալ այն բանի վրա, որ ինքն ընդունելի լինի ոչ թե ընդդիմության, այլ ժողովրդի համար։ Ինչ վերաբերում է մեզ, ապա ես չունեմ տեղեկություն՝ մենք իր մասին ընդհանրապես ինչ-որ բան քննարկել ենք թե ոչ»,- հավելեց Աբովյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիր խոշորացված համայնքում։ Առաջադրված միակ թեկնածուն քաղաքի գործող քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանն է։