ԲԴԽ–ն քննեց դատավոր Նախշքարյանի գործը. վարույթը հարուցել է Արդարադատության նախարարությունը, պատճառաբանությամբ` դատավորը Փաշինյանի դստեր գործով կողմնակալ է եղել, բայց ինքնաբացարկ չի հայտնել (տեսանյութ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:
Իսկ դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշան Փաշինյանի գործով ինքաբացարկի միջնորդությունը մերժելն է պատճառը, որ դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել։
«Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ Արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը», - նշել է Մելիքյանը։
Նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդին միջնորդեց գործի վարույթը կարճել:
Արդարադատության նախարարությանը միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորություն տալու համար դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվեց նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչների ու դատավորի ու նրա ներկայացուցչի հարցուպատասխանը` տեսանյութում։