Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ և սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելել է հենց Ռուսաստանի Դաշնություն:
Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: