Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»:
Ադրբեջանում ԵՄ նոր ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է թերթել էջը, բարելավել հարաբերությունները իր հարևանի՝ Հայաստանի հետ:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվ ներգրավված լինի, այն կարող է օգնել մեզ շատ ոլորտներում: Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորովին նոր մասշտաբներ ընդունել, որը 30 տարի չեն եղել», - ասել է Ալիևը: