ՊԵԿ-ը ներդրել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը
Հայաստանի սահմանային անցակետի արդիականացումը կարևոր նշանակություն ունի. Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների թվայնացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը: Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու:
Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո, ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:
ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները: Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով: Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը, կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը: