Զովունիի գերեզմանոցում հայտնաբերվել է վառվող ավտոմեքենա, իսկ մի քանի մետր հեռու՝ կիսամերկ վիճակում կապված վարորդին
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:
Հրշեջները իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև նրա ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են: