Կառավարությունը աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին կայացած նիստին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:
Նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պետական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում՝ ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը:
Նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև՝ «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:
Ընդունված որոշմամբ նախատեսվում է աճուրդի հանել 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր: