Քաղաքականությունն ինձ դուր չի գալիս, ես իմ գործով եմ զբաղվում. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
«Սպուտնիկ Արմենիա»-ն զրուցել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ:
– «Տաշիր» ընկերությունը Հայաստանում իրականացնում է մեծ թվով նախագծեր տարբեր բնագավառներում և ընդհանուր առմամբ ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսական կյանքում։ Որքան էլ խոսենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, այդուհանդերձ հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարության հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այդ իմաստով ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Հայաստանի իշխանությունների հետ։
– Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։
– Հաճա՞խ եք շփվում, ի՞նչ մակարդակի են Ձեր շփումները։
– Բարձր մակարդակի, բայց ոչ հաճախակի։
– Դուք այն անձանցից եք, որ 2020 թվականին գրավ տրամադրեցիք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։ Ո՞րն էր այդ քայլի նպատակը։
– Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար՝ ես անպայման պետք է մասնակցեի։ Ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի։
– Իշխող ուժի արձագանքն ինչպիսի՞ն էր Ձեր այդ քայլին։
– Ոչ մի արձագանք։
– Դրանից հետո իշխանությունների հետ հարաբերություններում ոչինչ չի՞ փոխվել։
– Ոչինչ։
– Շատ գործարարներ ձգտում են զբաղվել քաղաքականությամբ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
– Ամբիցիաների խնդիր է։
– Դուք չե՞ք պատրաստվում մտնել քաղաքականություն։
– Ոչ մի դեպքում։ Ինձ դուր չի գալիս։ Ես զբաղվում եմ իմ գործով։
Մանրամասն՝ տեսանյութում.