Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս երաշխավորու՞մ եք, որ ՍԴ-ի հաստատած կարմիր գծերը չեն հատվի. կառավարությունից Աղվան Վարդանյանին չպատասխանեցին (տեսանյութ)
«Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները և դրանց վերաբերյալ 2010 թվականի ՍԴ որոշումը, որով կարմիր գծեր են հաստատվել»,- այս մասին, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ ըստ ՍԴ արձանագրությամբ հաստատված դրույթի՝ փոխադարձ պարտավորություններն ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին:
Նա հիշեցրեց, որ դրանք չեն կարող մեկնաբանվել այնպես, որ կհակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ-ի հետևողական քայլերի մասին:
Աղվան Վարդանյանը հարցրեց, թե կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում ՍԴ-ի հաստատած այդ կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու: