Օրակարգային է ճանապարհին խոչընդոտների վերացումը. Իրանի դեսպանությունը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողի մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղյակ է, հետևում է Սյունիքի Որոտան համայնքի մոտ ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու և գումար գանձելու փաստին և ինչպես այն կարող են մեկնաբանել:
Ստորև ներկայացնում ենք Իրանի դեսպանության պատասխանը.
«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ:
Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:
Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»: