Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են Հայրենիքին մատուցած ծառայությունների համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին 2021 թվականի օգոստոսի 9-ին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալ։ Նման մեդալով պարգևատրվում են այն անձինք, ովքեր ծանրակշիռ ավանդ են ունեցել ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։
Ավելի ուշ՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կողմից Ucom-ի աշխատակից Ա․Սարգսյանն արժանացել է նաև «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին տվյալների կենտրոնների և ենթակառուցվածքների թիմի ավագ ինժեներ Կարեն Մելյանին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շնորհվել է շնորհակալագիր՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ցուցաբերած տոկունության, արիության և հայրենանվեր գործունեության համար։
«Ucom-ում մենք կարևորում ենք երկրին օգտակար լինելու ոչ միայն թիմային ջանքերը, այլև յուրաքանչյուր աշխատակցի անհատական ներդրումը։ Պատիվ է աշխատել այսպիսի նվիրյալների հետ, ովքեր իրենց անձնական օրինակով են ոգեշնչում բոլորիս անել առավելագույնը»,- նշել է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման գծով տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։