Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը․ ՊՆ պարզաբանումը՝ Եռաբլուրում հերոսի գերեզմանը քանդելու վերաբերյալ
Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։ Այսպիսի պարզաբանմամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հոր`Ռոման Գևորգյանի հայտարարությանը որդու գերեզմանը պղծելու վերաբերյալ։
Վարդան Ավետիսյանի խոսքով ՝Ռոման Գևորգյանին փոխանցել են նաև մյուս ծնողների բողոքները։ «Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս հորդորել և խնդրել ենք: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- պարզաբանել է Վարդան Ավետիսայնը: