Մահվան ելքով ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)
2021թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել պողոտայի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և նշված ավտոմեքենայի ուղևորն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի և ուղևորի ինքնությունը, պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: