Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք. եթե փորձի, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները․ Արշակ Կարապետյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Զինուժ մեդիա»-ն, պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում՝ համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։
Նախարար Կարապետյանը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը։ «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է նախարարը։
Տեսանյութը՝ «Զինուժ մեդիա»-ի։
Ավելին․․․