Ազգային ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից․ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մանդատից
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ֆեյբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:
Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։
Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։