Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ
Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:
«Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը:
Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը: