Սպանություն՝ Էջմիածին քաղաքում
2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ սարքի լծակ և պահպանիչի օղակ, ինչպես նաև պայթուցիչի կտորներ և թվով 3 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներ: Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: