ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում ՄԱԿ-ի համակարգողի հետ հանդիպումը «վատ և անարդյունավետ» է անվանել
Գազայում միջազգային էմիսարների հետ հանդիպումը «վատ և անարդյունավետ» էր, քանի որ հումանիտար ճգնաժամի լուծման ոչ մի առաջարկ չարվեց, այսօր հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնի է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի գլխավորությամբ ՄԱԿ-ի պատվիրակությունն առավոտյան Գազայի հատված է ժամանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ բանակցելու համար:
«ՄԱԿ-ի պատվիրակության հետ հանդիպումը վատ էր և բացարձակապես անարդյունավետ․ Իսրայելը նախկինի պես շարունակում է իր քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ, և Գազայում հումանիտար ճգնաժամի ոչ մի լուծում չառաջարկվեց»,- ասել է Սինվարը: