Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, և դա այն դեպքում, երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է անհապաղ. Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանի գործով դատական որոշման վերաբերյալ
Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է անհապաղ:
Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի»,- գրել է Վարդևանյանը:
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ, ինչի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:
Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։