Էրդողանը Շուշիում հայտարարել է՝ «Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլևս նման ողբերգություն չվերապրեն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հայտարարել է, որ «Վեցյակի հարթակը» կարող է «խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում», փոխանցում է minval.az-ը։
«Մենք ցանկանում ենք, որ «Վեցյակի հարթակը» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) տարածաշրջանը դարձնի խաղաղ համակեցության վայր։ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլևս նման ողբերգություն չվերապրեն»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում հայտարարել է Էրդողանը։
Վերջինս նաև հայտարարել է՝ «այդ ուղղությամբ Ալիևի հետ պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»։
«Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նման ջանքեր պատրաստ է գործադրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողություն, մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին»,- բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Ավելին․․․
Աղբյուր