Լուկաշենկոն հայտարարել է անվտանգության ուժերի վերազինման հրատապ անհրաժեշտության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, լսելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարների մասին զեկույցը, հայտարարել է, որ երկիրը կանգնած է հանրապետությունում բանակն ու ուժային կառույցները ժամանակակից զենքով ապահովելու շատ սուր խնդրի առաջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երեքշաբթի Մինսկում նախագահն ընդունել է փոխվարչապետ Յուրի Նազարովին և Պետական ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսին` աշխատանքի արդյունքների և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարների մասին զեկույցով:
«Նախ և առաջ ես կցանկանայի նշել Բելառուսի համար ռազմարդյունաբերական համալիրի կարևորության մասին. ներկայիս հանգամանքներից ելնելով, իսկ դրանք մեզ համար միշտ էլ դժվար են եղել, դուք լավ գիտեք դա, շատ սուր է կանգնած մեր զինված ուժերի, ոչ միայն բանակի` ժամանակակից զենքով ապահովելու հարցը: Հենց այն տեսակներով, որոնք պետք են ուժային կառույցներին»,-նշել է Բելառուսի նախագահը: