Հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ ՀՀ-ի տարածքում. ՊՆ
Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։