Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից. Տեր-Պետրոսյանը՝ հայկական կողմի՝ նոր գերիներ ունենալու մասին
Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից: Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,-ասաց նա: