ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին
Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:
«Խորապես մտահոգիչ է հաղորդումն այն մասին, որ Մինսկում հարկադիր վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավը՝ լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Բոլորովին անթույլատրելի վարքագիծ է: Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի Պրոտասևիչին: Հնարավոր հետևանքները կքննարկենք ԵՄ գործընկերների հետ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լինդեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: Վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: