Կազմակերպել են կեղծ ավտովթար. մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար:
Վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու մասին տեղեկացրել է ԱՊՊԱ ընկերության աշխատակցին, ով օժանդակել է՝ կնքելով համապատասխան պայմանագրեր:
2019թ. մարտի 29-ին հիշյալ վայրում կազմակերպել են իրենց մասնակցությամբ կեղծ ավտովթարը, որից հետո ավտոմեքենաներից մեկի սեփականատերը, զանգահարել է հիշյալ ապահովագրական կազմակերպության աշխատակցին, վերջինս էլ, կատարելով համապատասխան գործողություններ, փոխհատուցման դիմում է ներկայացրել ընկերությանը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 33-ամյա տղամարդը 2020 թ. մայիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում նույն քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, հարվածներ հասցրել վերջինիս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Մեկ ամիս անց, նույն տղամարդը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: