Առերևույթ ավելի քան 22 մլն դրամի հափշտակություն` Ստեփանավանի համայնքապետարանում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020թթ. կազմել է մոտ 123.4մլն. ՀՀ դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114մլն ՀՀ դրամ, կամ 9.4մլն ՀՀ դրամով պակաս:
Բացի այդ, 2016-2020թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133մլն ՀՀ դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120.4մլն ՀՀ դրամ, կամ մոտ 12.7մլն ՀՀ դրամով պակաս: